ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հոգեմարմնական բժշկությանը նվիրված գիտաժողով
Հունիսի 21-ին Կոնգրես հյուրանոցում կայացավ «Հոգեմարմնական բժշկություն. մուլտիդիսցիպլինար մոտեցում» թեմայով գիտաժողով՝ նվիրված բուժաշխատողի օրվան:
Գիտաժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, հոգեբույժ Արմեն Սողոյանը: Նա ողջունեց ներկաներին, իր խոսքում նշեց գիտաժողովի թեմայի կարևորությունը հատկապես ժամանակակից աշխարհում ապրող մարդու համար չափազանց բարդ, սթրեսածին գործոններով առատ մեր օրերում: Ներկայացրեց Հայկական բժշկական ասոցիացիայի՝ բուժաշխատողի օրվան նվիրված ուղերձը և շնորհավորանքը.
«Սիրելի գործընկերներ, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, նորանոր մասնագիտական ձեռքբերումներ, բարեկեցություն, սեր և երջանկություն և այդ ամենը խաղաղ և կայուն զարգացող երկրում»:
Գիտաժողովում դասախոսություններով հանդես եկան՝ Սամվել Սուքիասյանը, Երվանդ Հակոբյանը, Արտեմ Գրիգորյանը, Իսկուհի Նավոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը: Ներկայացվեց և խոսնակներին նվիրվեց պրոֆեսոր Սամվել Սուքիասյանի, «Непсихиатрическая психиатрия: новый взгляд на старую проблему» գիրքը, որը բավական հետաքրքիր մոտեցումներ է ներկայացնում հոգեկանի և մարմնականի փոխազդեցության, դրանով պայմանավորված խանգարումների և նրանց վարման համար:
Գիտաժողովի հիմնական մասնակից-մասնագետներն էին հոգեբույժները, մաշկաբանները, հեմատոլոգները, գաստրոէնտերոլոգները: Մասնակցում էին նաև լայն շրջանակների բժիշկներ, հոգեբաններ: Մուտքն ազատ էր թեմայով հետաքրքրված ցանկացածի համար:
Հովանավորներ՝ Աստերիա, Դավիդյանց լաբորատորիաներ, Էգիս և Ֆարմաֆակտ ընկերություններ:
Գիտաժողովի ընթացքում զրուցեցինք կազմակերպիչներից, խոսնակներից մի քանիսի հետ.
Արմեն Սողոյան, բ.գ.թ., Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի վաստակավոր անդամ, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ
- Այսօրվա գիտաժողովի նպատակը հոգեմարմնական բժշկության մասին հնարավորինս լայն շրջանակներին տեղեկացնելն է. գիտելիք տալը և ներգրավվելը այդ գործընթացում: Որովհետև վիճակը, որն այսօր առկա է ամբողջ աշխարհում, և սթրեսային գործոնների ահագնացող թափը, վկայում են, որ գնալով շատանալու են հոգեմարմնական խանգարումները և խնդիրները: Հետազոտությունները ևս դա են հավաստում՝ գրանցելով 30%-ից ավելի տարածվածություն:
Եվ բուժել որևէ հիվանդություն՝ հաշվի չառնելով հոգեկան գործոնը, սխալ մոտեցում է և կարող է բավարար արդյունք չունենալ: Իսկ երբ ուշադրություն է դարձվում հոգեկան պատճառների վրա, բուժման արդյունավետությունը շատ անգամ բարձրանում է: Այդ կերպ կարելի է նաև կանխարգելել լուրջ հիվանդությունների սկիզբը կամ հետագա զարգացումը:
Այսօր և՛ հեմատոլոգների, և՛ մաշկաբանների, և՛ գաստրոէնտերոլոգների, և ախտաֆիզիոլոգների ասոցիացիաների կողմից ներկայացվելու են զեկույցներ՝ նվիրված հենց հոգեմարմնական խանգարումներին: Եվ մուլտիդիսցիպլինար համագործակցության առաջարկով մենք ձգտելու ենք ապահովվել այն որակյալ բուժօգնությունը, որին ձգտում ենք:
Այս գիտաժողովն առաջին մասշտաբային քայլն է հոգեմարմնական խանգարումները մասնագիտական լայն շրջանակների հետ քննարկելու և ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու նպատակով:
Վստահ եմ, որ գիտաժողովի արդյունքում ավելի կկարևորվի հոգեկանի և մարմնականի փոխկապակցվածությունը, և այստեղ ստացված գիտելիքը կբարձրացնի միջմասնագիտական համագործակցությունը, բուժօգնության որակն ու արդյունավետությունը գիտաժողովին ներկա բժիշկների ամենօրյա աշխատանքում:
Ամեն տարի այս օրը, ավանդույթի համաձայն, Հայկական բժշկական ասոցիացիան ուղերձ է հղում, և այս էլ չորրորդ անգամն է, որ այն ներկայացնելու պատիվն ինձ է վիճակված: Այսօր, մենք հավակնում ենք հիմք դնել ավանդույթի՝ բուժաշխատողի օրը նշանավորել գիտական, կրթական միջոցառմամբ, խորհրդանշելով հավատարմությունը nulla dies sine linea սկզբունքին՝ փոքրիկ ներդրում ունենալով մեր գործընկերների շարունակական մասնագիտական զարգացման գործում:
Առողջապահության ոլորտում խնդիրները բազմաթիվ են և դրանց լուծման համար կարևոր է մասնագիտական ասոցիացիաների և Հայկական բժշկական ասոցիացիայի ներգրավումը և ընդունված սկզբունքների հետևողական կիրառումը:
Հայկական բժշկական ասոցիացիայի վերակազմակերպումից հետո այս սկզբունքների հետևողական կիրառումն արդեն բավական փոփոխություններ է առաջացրել ոլորտում և տարեց-տարի ավելի է մեծանալու մասնագիտական հանրույթի դերը որոշումների ընդունման և իրականացման գործում՝ նվազեցնելով սխալվելու հավանականությունը և ապահովելով կայունությունն ու բոլոր լավ նախաձեռնությունների շարունակականությունը:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր հովանավորներին՝ Աստերիա, Դավիդյանց լաբորատորիաներ, Էգիս և Ֆարմաֆակտ ընկերություններին:
Սամվել Սուքիասյան՝ բ.գ.դ., պրոֆեսոր, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գիտական խորհրդի նախագահ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբուժական ծառայության համակարգող
Դասախոսության թեման՝ Հոգեկանի և մարմնականի փոխհարաբերություններ. կլինիկական ասպեկտներ
Այս խնդրով զբաղվում եմ 1987-ից, դա իմ դոկտորական թեման է: Տարիների ընթացքում այն ձևափոխվեց, հարստացավ, և արդեն մի շարք հոդվածներ եմ տպագրել մի նոր՝ ոչ հոգեբուժական հոգեբուժության կոնցեպցիա հասկացողությամբ: Իմաստն այն է, որ բոլոր հիվանդությունների սկիզբը, անկախ այն բանից՝ դրանք հոգեբուժական են, թե մարմնական, մարմնական նշաններով է արտահայտվում: Մարդու հոգեբանական լարվածությունն առաջացնում է ֆիզիկական տառապանք, որն ի վերջո դառնում է կամ մարմնական հիվանդություն, կամ հոգեկան խնդիր: Ինչն այսօրվա սթրեսային ժամանակներում ավելի հաճախ է հանդիպում:
Կա ինֆոդեմիա հասկացություն, որն հենց մարդու հոգեբանության վրա ազդող տեղեկատվությունն է՝ բթացնող, ճնշող: Մարդը դառնում է տվյալ ինֆորմացիոն միջավայրի զոհը: Դրան գումարած առկա բազմաթիվ այլ սթրեսային գործոնները /էկոլոգիական, անթրոպոգեն և այլն/, որոնք վիճակն ավելի են բարդացնում: Բրիտանացի բժիշկները հաշվարկել են, որ 21-րդ դարի մարդը մեկ օրում ստանում է 18-րդ դարի մարդու մեկ տարվա տեղեկատվությունը:
Սթրեսը պատճառ է դառնում պսիխոգեն խանգարման, մարմնական խնդիրների: Մարմնական ախտանշաններով հիվանդը սակայն սովորաբար դիմում է թերապևտների, տարբեր մասնագետների, բուժումներ ստանում, որոնք խնդիրը չեն լուծում:
Մեր խնդիրն այն է, որ այդ մասնագետները, նաև առաջնային օղակը բժիշկների, տեղյակ լինեն այս հարցին և մարմնական խնդիրների տակ տեսնեն հոգեբանականը: Կարճ հարցաշարով հնարավոր է կողմնորոշվել այս հարցում, և եթե խնդիր է նկատվում, անհրաժեշտ է հոգեբանի խորհրդատվություն իրականացնել:
Հովհաննես Հովհաննիսյան՝ Հայկական բժշկական ասոցիացիայի Ընտրված Նախագահ, ՀՀ ԱՆ Մաշկանաբության ազգային կենտրոնի տնօրեն, մաշկաբան
Դասախոսության թեման՝ Պաթոմիմիաներ։ Ինչպես տարբերակել ինքնածինը հիվանդությունից
Պաթոմիմիաները մաշկաբանությունը և հոգեբուժությունն իրար կապող բաժինն են: Դրանք արհեստածին վիճակներ են, որոնց ժամանակ բուժառուն վնասում է իր սեփական մաշկը՝ նմանակելով ինչ-որ մաշկային խնդրի: Օրինակ, քերծվածքներ է առաջացնում իր մաշկին, կարծելով, որ ճիճուներ, որդեր կան, որոնց անհրաժեշտ է հեռացնել: Մաշկաբանները հաճախ են առնչվում այդ խնդրին: Ես ևս ունեցել եմ նման հիվանդներ, որոնք սկզբում դիմել են ամենատարբեր մասնագետների, բայց նրանցից ոչ ոք խորհուրդ չի տվել դիմել հոգեբանի: Երբեմն նման վիճակներում օգնում են հոգեբանները, ավելի ծանր դեպքերում՝ հոգեբույժի կարիք է լինում:
Սա հոգեմարմնական բժշկության դասական ձևերից մեկն է, երբ ուղեղը բերում է մարմնական հիվանդության առաջացման՝ հոգեկանն առաջացնում է մարմնական խնդիր: Այդ հիվանդների հետ աշխատելը չափազանց ծանր է: Նման հիվանդներ շատ կան և մեր շուրջը, օրինակ, երիտասարդների մոտ շատ տարածված է դեմքի կորեակային ցանի ժամանակ դրանք սեղմելը՝ վնասում է իրեն՝ կարծելով, թե օգնում է: Մտքի բացասական ազդեցությունն է մարմնի վրա՝ ինքնավնասում:
Այս թեմային վերաբերվող նյութեր գրեթե չկան, միջոցառումներ ևս: Այնպես որ, այս գիտաժողովը շատ կարևոր է, հատկապես այն բժիշկների համար, որոնք ծանոթ չեն այս հարցին, բայց գործ են ունենում նման հիվանդների հետ, երկար ժամանակ անարդյունք բուժում նրանց, երբ փաստորեն հարկ է դիմել հոգեբույժի:
Արտեմ Գրիգորյան բ․գ․թ․, Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ, ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ
Դասախոսության թեման՝ Նոցիպլաստիկ ցավի փսիխոսոմատիկ բաղադրյալը
Նոցիպլաստիկ ցավ տերմինն առաջ է քաշվել 2016-ին: Տարեց-տարի ավելի շատ մասնագետներ են ցավը բնութագրելու համար արդեն ընտրում այդ տերմինը: Կարևորն այստեղ ցավի ընկալման համակարգն է՝ ընդգծելով նրա անկախությունը մարմնի կամ նյարդերի որևէ վնասվածքից: Այդ խնդիրը ցավի մշակումով զբաղվող մեր պրոցեսների խանգարումն է:
Ինչ որ առումով, տերմինի պլաստիկ մասը /նոցին վնասել է նշանակում/ ցույց է տալիս, որ այդ ցավը «պարազիտում» է նյարդային համակարգի պլաստիկության՝ փոփոխվելու-սովորելու ունակության վրա: Եվ այն մեխանիզմները, որոնք մեզ օգնում են ճանաչել աշխարհը, սովորել, հիշել, իշխում են ցավին, դառնում են ինքնուրույն տառապանքի պատճառ:
Սա ցավի այն ձևն է, որն ակնկալում է բազմաթիվ մասնագետների համախմբված մոտեցում, որովհետև այն խիստ շաղկապված է և հոգեբուժական ոլորտի խնդիրների հետ /շատ հաճախ այսպիսի ցավեր ունեցողները ունենում են տարբեր ֆոբիաներ, հետտրավմատիկ սթրես/, և նյարդաբանության /հաճախ նյարդաբանն է այն առաջատար մասնագետը, որն առնչվում է հիվանդի հետ, բայց նա պետք է ներգրավվի այս խնդրի այսօրվա գիտական մոտեցումներին տիրապետող այլ մասնագետների /ռևմատոլոգ, տրավմատոլոգ, գաստրոէնտերոլոգ և այլն/: Դա կախված է նաև այն բանից, թե ո՞ր շրջանում է ցավն արտահայտված:
Իսկուհի Նավոյան՝ ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ամբիոնի դասախոս, լյարդաբան, գաստրոէնտերոլոգ
Թեմա՝ Մարսողական ուղու ֆունկցիոնալ խանգարումներ. Մուլտիդիսցիպլինար մոտեցման ուղիները և կարևորությունը։
Ընդհանրապես ֆունկցիոնալ խանգարումներ ասելով հասկանում ենք, որ առկա չէ որևէ օրգանական խնդիր: Սակայն որոշ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ իրականում տեղի են ունենում փոփոխություններ գլխուղեղում կամ աղիներում, և այդ ամենը բերում է խնդիրների առաջացման: Ֆունկցիոնալ խնդիրների առաջացման մեջ մեծ դեր ունեն, օրինակ, սթրեսները, որոնց հիմքում կարող են լինել սեռական, հոգեկան կամ ֆիզիկական բռնությունը, ծնողական սխալ վարքագիծը, համոզմունքները, երբեմն չափից ավելի ուշադրությունը երեխայի նկատմամբ, մշակույթը և այլն: Արդյունքում կարող են ի հայտ գալ հոգեկան և աղիքային փոփոխություններ, առաջանալ տագնապային վիճակ, դեպրեսիա:
Աղիներ-ուղեղ առանցքում տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով թողարկվում են ֆունկցիոնալ խնդիրները:
Այսօրվա իմ թեման գրգռված աղու համախտանիշն է, որն իր տարբեր տեսակներն ունի՝ չդասակարգված, խառը և այլն: Այն կարող է ընթանալ որոշակի ախտանշաններով՝ լուծ, փորկապություն, ջրազրկում:
Բոլոր դեպքերում հիվանդի մոտ առկա է ցավային ախտանշանը: Եվ կարևորն այն է, որ ստամոքս-աղիքային տրակտի խնդիրների հետ հավելյալ դիտվում են նաև տագնապայնություն, անհանգստություն:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ համակցումը լինում է գրգռված աղու համախտանիշով բուժառուների մոտ 37 տոկոսի մոտ:
Նման դեպքերում նախ պետք է հիվանդին բացատրել առկա խնդիրը, սննդային շտկումներով փորձել վիճակը կարգավորել, հետագայում գուցե կիրառվի նաև դեղորայքային թերապիա: Եթե արդյունք չի դիտվում, բուժառուին ուղղորդում ենք հոգեթերապևտի մոտ:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն